Поиск по этому блогу

среда, 26 октября 2011 г.

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԻԿ ԱԼԲՈՄ


Բարի լույս…
Այսօր հրաշալի օր է…
Արևը փորձում է իր վերջին  ուժերը ներդնելով  դուրս գալ հորիզոն…
Ահա և արևը, նա ժպտում է, ողջունում է բոլորիս…
Իսկական ամառային հրաշալի օր…
Պետք է շտապել, պետք է հասցնեմ  ծաղիկներ գնել ու…
Գիտե՞ք, այսօր  աշխարհի ամենալավ օրն է, այս օրը տարվա մեջ մեկ անգամ է նշվում, բայց այն ամեն օր է, այս օրը  ես  շա՜տ-շա՜տ երջանիկ եմ լինում:
Այսօր աշխարհի ամենաբարի , ամենագեղեցիկ, ամենասիրելի, ամենաթանկագին, ամենալավ, ամենահրեշտակային, ամենասիրառատ, ամենահոգատար, ամենա-ամենա աստվածային մարդու` իմ մայրիկի ծննդյան օրն է:
Մայր իմ բարի ու թանկագին, ես քեզ  շա՜տ-շա՜տ-շա՜տ եմ սիրում…
Երբ տխուր եմ լինում , իսկույն քո գիրկն եմ վազում, դու քո ջերմությամբ հանգստացնում ես ինձ, շոյում ես գլուխս, համբուրում ու ամուր-ամուր գրկում:
            Մամ աշխարհում քեզ ամենաշատն եմ սիրում…
Ամեն հարցում դու և  հայրիկն եք ինձ աջակցում, կյանքի ճիշտ ճանապարհը հարթում ինձ համար: Սրբում ես արցունքներս, որ կաթիլ-կաթիլ գլորվում են այտերիս վրա…
            Երբ ուրախ եմ լինում, էլի քո գիրկն եմ վազում, պատմում ուրախությանս պատճառը, դու էլ ինձ հետ ես ուրախանում ու նորից ջերմ խոսքեր ես ասում, գրկում եմ քեզ, ամուր-ամուր փաթաթվում: Դու սեղմում ես ինձ քո կրծքին ու էլ ավելի ես ոգևորում  ու ես զգում եմ քեզանից ճառագող մայրական սերն ու ջերմությունը…
Հետո հայրիկն է ներս մտնում`ժպտալով,  ինձ ու մայրիկիս գրկում ու համբուրում…
            ԵՍ ԿԱՏԱՐՅԱԼ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ…
Ես ինձ ամենաերջանիկ մարդն եմ համարում աշխարհում, ես ունեմ  ԸՆՏԱՆԻՔ, իմ ՄԱՅՐԻԿՆ ու ՀԱՅՐԻԿԸ: Ես ձեզ  շա՜տ-շա՜տ-շա՜տ եմ սիրում…
Երջանիկ լինելու համար շատ քիչ բան է մարդուն հարկավոր:
Ես  երջանիկ եմ, ես իմ հայրիկի ու մայրիկի կողքին եմ, նրանք ինձ մոտ են, իմ սրտում, ես միշտ, ամեն վայրկյան  զգում եմ իրենց սերն ու ջերմությունը, նրանցից հորդող ջերմությունը ես ամենուր եմ զգում…
            Պապ, մամ, ես ձեզ աշխարհում ամենաշատն եմ սիրում, իմ թանկագին ծնողներ, ես հպարտ եմ ձեզանով…
            Ին՜չ  հիասքանչ օր է…
Արևն էլ նույնպես գիտի, թե ինչ օր է այսօր, դրա համար էլ միշտ ժպիտը ուղղում է մեր ընտանիք…
            Ահա՛, գնեցի մայրիկիս սիրելի ծաղիկները` սպիտակ շուշաններ…
Եթե նրանք մարդկային լեզու ունենային անպայման կերգեին մայրիկիս համար…
            Այսօր աշխարհն է ժպտում, այսօր ծաղիկները, տերևները, թռչուններն ևս միացել են ինձ`ժպտում են ու երգում, ժպիտ, ժպիտ ու նորից ժպիտ…
Մայրիկս սիրում է, երբ իրեն առավոտյան են շնորհավորում, դրա համար էլ ես երեկոյան ոչ մի անակնկալ չէի պատրաստել…
            Ես պետք է շտապեմ առաջինը շնորհավորել մայրիկիս` աշխարհի ամենալավ ու բարի, ամենաաստվածային մայրիկիս, իր ծննդյան հիանալի օրվա արդիվ, պետք է հայրիկիցս շուտ շնորհավորեմ:
            Մեր տանը այնքան ժպիտ ու ջերմություն կա, ամեն բան ու ամեն ինչ ժպտում են… Սիրում եմ…
Սիրտս թրթռում է թիթեռնիկի պես…
Հա՛, մոռացա ասել, թե ինչ նվեր-անակնկալ եմ պատրաստել մայրիկիս համար, ես ու հայրիկը միասին ևս անակնկալ ունենք մամայի համար, բայց առանձին ես մի փոքր նվեր էլ եմ պատրաստել… ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԻԿ ԱԼԲՈՄ…
Այստեղ  մեր երեքի`  հայրիկիս, մայրիկիս ու իմ միասին անցկացրած երջանիկ  ու անհոգ ժպտացող լուսանկարներն եմ զետեղել  ու տեղավորել եմ գեղեցիկ և վարդագույն արկղիկի մեջ, ու որ ամենակարևորը, երբ մայրիկս բաց անի անակնկալով լի արկղիկը, նրա միջից դուրս կթռչեն գույնզգույն թիթեռնիկներ ու ես ամուր-ամուր կգրկեմ մայրիկիս ու հետո էլ հայրիկիս և կասեմ. <<Մամ ջա՛ն, ծննդյանդ գեղեցիկ օրը շնորհավոր, ես քեզ շա՜տ-շա՜տ-շա՜տ եմ սիրում>> ու մենք` երեքով կգրկախառնվենք, մի լավ կծիծաղենք ու կթերթենք ընտանեկան երջանիկ լուսանկարներով լի  ալբոմը…
            Սիրտս թրթռում է թիթեռնիկի պես… Պապ, մամ ձեզ շատ եմ եմ սիրում ու ամեն վայրկյան կարոտում…
            Ահա՛, ծնողներիս ննջասենյակի դռան առջև կանգնած եմ ու ձեռքիս էլ անակնկալով լի նվերը: Մայրիկս, գիտեմ, շատ կուրախանա…
Ձեռքս ահա և տանում եմ դեպի դռան բռնակը…
Սպասի՛ր, խորը շունչ քաշեմ, նոր դուռը բաց անեմ, սա պատասխանատու գործ է, պետք է մայրիկս ուրախ լինի անակնկալով…
…………………………………………………………………
…………………………………………………………………
Խորը շունչ քաշեցի, պատրաստ եմ…
Ահա և դուռը կիսաբաց եմ անում  շա՜տ-շա՜տզգույշ, որպեսզի չարթնացնեմ ծնողներիս,  անակնկալը որ ստացված լինի…
Արդեն գիտեմ ինչ պետք է անեմ…
Ու…
… Զնգաց իմ զարթուցիչը…
Ես արթնացա….
…………………………………………………………………
…………………………………………………………………
-Աստվա՛ծ իմ, արդեն ժամը 8:00 է…
Պետք է շտապել, որպեսզի չուշանալ աշխատանքից: Այսօր շատ ծանր օր է սպասվում, մի քանի հանդիպումներ ու պայմանագրերի ստորագրում…
Հա՛, չմոռանամ վերցնել անձրևանոցս, դրսում ՄՌԱՅԼ,ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏԽՈՒՐ Ու ԱՆՁՐԵՎՈՏ եղանակ է….

пятница, 12 августа 2011 г.

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ


 Այսօր առավոտյան վաղ արթնացա, այնքան վաղ, որ դեռ արևի շողերը չէին էլ հասցրել սենյակիս պատուհանից ներս թափանցել: Չեմ էլ հիշում թե ինչ երազ եմ տեսել, երևի կարևոր երազ չէ…
Երբ արթնացա, աչքերս բացելուն պես քո պատկերը հայտնվեց, քո ծիծաղից պայծառացող դեմքը, քո փայլող աաչքերը, բայց իսկույն  մի ակնթարթում չքացան: Չգիտեմ սրտումս մի տեսակ <<աշուն>> է: Գուցե ես եմ ստիպում սրտիս,  չէ', չէ'…
Այդ պահին ինձ ուրախացրեց իմ փոքրիկ սպիտակ, խուճուճ մազերով փոքրիկ շնիկը, որը ինձանից շուտ էր արթնացել ու շտապել ինձ մոտ: Այնքան եմ սիրում  նրան, որ ինձ չեմ կարող պատկերացնել առանց նրա: Եթե կարողանար ինձ  ամեն առավոտ  մի հիանալի, մեղմ  ու սիրով լի երգով կարթնացներ, բայց ոչինչ, նա ինձ փոխարենը ամեն առավոտ արթնացնում է համբուրելով: 
Նա հրաշք է, իմ հրաշքը…
Երբ անկողնուց վեր կացա ու նայեցի պատուհանից դուրս, տեսա որ անձրևում է, մռայլ եղանակ…
Էլ ավելի մոտեցա պատուհանին, մի երկու վայրկյան կանգնած մնացի  ու հետո նստեցի պատուհանագոգին:
Երբ անձրև է գալիս, ես միշտ նստում  եմ այնտեղ, ուշադիր հետևում, թե  ինչպես են անձրևի կաթիլները ապակու վրա <<պար գալիս>>,  թե ինչպես են  ուզում տուն մտնել, բայց…
Այնքան  հետաքրքիր է այդ  ամենը: Մեկ կաթիլը խոշոր է, մեկ բաժանվում է երկու մասի, մեկ էլ` սղալով անհետանում, կարծես բնության կողմից ստեղծված ամեն ինչ, նույնիսկ անձրևի կաթիլը, մահանում է…
Ամառ է, սակայն իմ ներսում <<աշուն>> է, տերևաթափ: Ես մրսում եմ…
Շուտով աշուն կլինի, կսկսվի բերքահավաք, մարդիկ կուրախանան, թեև մի փոքր էլ կտխրեն, որովհետև  ամառը վերջանալու է և սկսվելու է ցուրտ ձմեռ ու ես էլ չեմ լինի, էլ չեմ լինի…                            
Տեսնելով իմ տխուր մտքերը արտացոլված դեմքիս, իսկույն ինձ մոտ էր վազել իմ փոքրիկ շնիկը` Վիկին: Ես այնքան էի տարվել, որ մի կերպ ուշքի եկա իր հաչոցից…                                                    
Արդեն ժամը երեքն էր, բայց անձրևը շարունակում էր դանդաղ թափվել, կարծես շտապելու  ոչ մի տեղ չուներ:
Վիկիիս հետ նստած թեյում էինք,  հա', հա',  նա շատ է սիրում, երբ միասին թեյում ենք, թեև նա թեյ չի խմում, բայց հաճույքով խժռում է բլիթներ ու տորթիկ ու ես միշտ կատակով ասում եմ իրեն, թե` հերիքա քաղցր ուտես, թե չէ կգիրանաս, պատկերացրեք որ նա հասկանում է դա ու մի երկու վայրկյան ձևացնում է, թե նեղացել է ինձանից, բայց  հետո… բայց հետո նորից շարունակում է խրթխրթացնել բլիթները:
Ու հնչեց դռան զանգը,  ո՞վ  պետք է լինի:
Դուռը բացեցի ու տեսա դռան մոտ կանգնած, մի լավ թրջված փոստատարին, ներս հրավիրեցի,  սակայն հրաժարվեց, ասեց, որ ծրար ունեմ: Մի փոքր տագնապեցի, ի՞նչ  ծրար,  ու՞մից…
Վերցրեցի ծրարը ու…
Հիվանդանոցից… Բայց երբվանի՞ց են հիվանդանոցի  ծրարը տուն հասցնում փոստի միջոցով: Ու հիշեցի, որ մի քանի օր առաջ հիվանդանեցում էի ու ինձ ստուգող բժիշկն է ուղարկել… Սակայն սիրտս մի տեսակ տագնապի մեջ էր: Եվ դա տեղին էր…
Բացեցի ծրարը… ու…
Ես հիվանդ եմ…
Ինձ մնացել է 2 ամիս ժամանակ…
Ես էլ չեմ լինելու…
Իսկ իմ Վիկի՞ն…
Ինձ համար այս ամենը նորություն չէր, սա արդեն չորրորդ հետազոտության արդյունքն էր ու բոլորն էլ նույն բովանդակությամբ: Պարզապես անցած արդյունքները  բժիշկը ինքն էր հայտնել, իսկ այս մեկը  ուղարկել` իմ խնդրանքով: Ես խնդրել էի` նույն արդյունքը լինելու դեպքում  ինձ ուղարկեն:
2 ամիս ու ոչ մի օր ավել…
2 ամիս ու ես կլինեմ հեռու, գուցե զգաս կարիքս, բայց արդեն ուշ լինի, գուցե փորձես մի հրաշքի սպասել, բայց էլ հրաշք չի լինի, քանի որ ես էլ չեմ լինի, գուցե երբեք էլ չհիշես իմ մասին, ինչպես չեն հիշում անձրևի կաթիլներին:
Ես խնդրանք ունեմ` լավ նայեք Վիկիիս, մենակ չթողնեք, սիրեք նրան, ինչպես որ ես եմ սիրում, նրան իմ մասին չպատմեք, որովհետև նա ձեզանից լավ գիտի իմ մասին, նրան քաղցրավենիք կտաք, նա շատ է սիրում, մնացածի մասին ես կհոգամ այնտեղից:
Մի բանի համար եմ ափսոսում, ափսոսում եմ նրա համար, որ հանդիպել եմ քեզ, ուրիշ ոչինչ:                
Ու վերջին խնդրանք` թող իմ գերեզմանին միշտ սպիտակ վարդեր ու սպիտակ լիլիաներ լինեն: 
Մնաք բարով ու սիրով: Ես չեմ սիրում հրաժեշտի պահեր, միշտ լաց եմ լինում, դրա համար էլ անձամբ ոչ մեկի հրաժեշտ չեմ տա:

Մնաս բարով իմ փոքրիկ Վիկի, ես քեզ շա՜տ-շա՜տ եմ սիրում, իմ  քաղցրակեր փոքրիկ…








суббота, 6 августа 2011 г.

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ


  • Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով  մարդիկ են, իսկ կյանքում  խաղացողները` ցածրերն ու կեղծավորները:
  • Ապրում ես, շնչում ես, դու կաս  և ամեն վայրկյան  դու այլ ես:
  • Ողջ գեղեցիկը երկրի վրա արևից է,
  • Եվ բոլոր  լավը` մարդուց:
  • Մեր ամենակործանարար սխալներից մեկն է փչացնել լավ գործը այն վատ իրագործելով:
  • Դժբախտություն է, երբ կարկանդակ է սկսում թխել կոշկակարը, իսկ կոշիկներ կարել` կարկանդակագործը:
  • Այլևս քափ ու քրտինքի մեջ հաց չվաստակելով` մարդկության մի մասը դառնում է լրտես:
  • Մեր ապրած յուրաքանչյւոր ակնթարթ մենք խլում ենք կյանքից: Մեր ամբողջ կյանքի չընդհատվող գործը մահը նյութելն է, կյանք մտնելով մենք մահ ենք մտնում, քանզի մահը մեզ կթողնի ոչ շուտ, քան մենք կթողնենք կյանքը:
  • Արվեստի բնագավառ մտնելն ու չփնտրելը նույնն է, ինչ որսի գնալն ու շուրջը չնայելը:  Բայց ամեն դեպքում կարևորը որսածն է  և ոչ թե շուրջը նայելը, ինչպես որ կարևորը գտնելն է և ոչ թե փնտրելը:




 




ԶԳՈւՅՇ ԵՂԻՐ

Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում կարոտով:
Ասում են, երբ ծնվում ենք արդեն մեր ճակատագիրը գրված է լինում: Բայց այդ ճակատագիրը շատ հաճախ մենք ինքներս ենք կերտում ակամա:
2008թ. էր: Ես սովորում էի առաջին կուրսում: Ինչպես բոլոր ուսանողներն, առավոտյան գնում դասի ու հետո` տուն: Կարծես նույնն էր իմ կյանքը, ինչ դպրոցում, միայն մի տարբերությամբ` ես ոչ թե աշակերտուհի էի, այլ ուսանողուհի, որն արդեն հրաժեշտ էր տվել իր դպրոցական աղջնակների համար սովորություն դարձած հյուսիկներին: Թեև այդ ամենի հետ մեկտեղ ես սիրում էի իմ մասնագիտությունը, ընկերուհիներիս հետ հաճելի ժամանակ էի անցկացնում:
Եվ այդ սովորական օրերից մեկն էր` փետրվարի 14-ը: Այնքան ջերմ ու տաք էր արևը, կարծես նա ինչ-որ բան էր պլանավորել, կարծես ինչ-որ մի հրեշտակային ծրագիր ուներ: Այդ օրը ինձ համար սովորական օր էր: Ես առավոտյան դուրս եկա տանից և քայլերս ուղղեցի դեպի համալսարան: Այն տեղը, որը ինձ համար մի սովորական վայր չէր, ինձ ձգում էր, ուզում էի սովորել, աշխատել, ինչու չէ` շփվել մարդկանց հետ և նոր ընկերներ ունենալ:
Դասերից հետո երեք ընկերուհիներով որոշեցինք մի փոքր զվարճանալ: Դուրս գալով համալսարանից որոշեցինք երթուղային չնստել, նախընտրեցինք քայլել, քանի որ արևը այնքան ջերմ էր և զգացնել էր տալիս գարնան գալը: Այնքան էինք տարված խոսակցությունով, որ նույնիսկ ես չէի նկատել, թե ինչպես է ընկել իմ կապտավուն վզկապը: Երևի թե չէի էլ նկատի դրա բացակայությունը, եթե ինձ չվերադարձնեին, ավելի ճիշտ, եթե չվերադարձներ այդ երիտասարդը: Նա պատահաբար թե մտածված էր հայտնվել այդտեղ ու հասկացել, որ այն ինձ է պատկանում:
Քայլում էինք, ծիծաղում և հանկարծ իմ կողքին հայտնվեց մի երիտասարդ, այն էլ զինվորական համազգեստով: Ես մի պահ զարմացա, գլխումս հազար ու մի մտքեր էին սավառնում, մի պահ մտածեցի, թե պատահաբար քայլերս արագացրել եմ և չնկատելով թե ինչպես եմ ընկերուհիներիցս հեռացել: Նա այնպես բարի ու ժպտուն աչքերով նայում էր ինձ, սիրտս թրթռում էր, չէ~, ես կարծես թիթեռ լինեի, որը արև տեսնելուն պես սկսում է թռչել, վայելել իր ազատությունը, վայելել ծաղիկների գեղեցկությունը, օդում պար գալ, եթե նույնիսկ քամին մեկ-մեկապտակում է …
Ես նկատեցի նրա ձեռքին մի փոքրիկ կապտավուն վզկապ ու անկախ ինձանից ձեռքս տարա դեպի պարանոցս, բայց… Ու հասկացա, որ այն իմ փոքրիկ շարֆն է
Մինչ ես կփորձեի ինչ-որ բառ արտասանել նա ասեց.
_ Ներեցեք, սա ձեզ է պատկանում, Դուք այն կորցրել էիք :
Նա ձեռքը մեկնել էր դեպի ինձ, իսկ ես ապշահար նայում էի նրան, նույնիսկ չէի էլ լսում թե ինչ է ասում, պարզապես ես ինձ կորցրել էի, սիրտս այնքան արագ էր բաբախում, որ ես իրքս նույնիսկ լսում էի սրտիս բաբախյունները: Եվ մի կերպ ուշքի գալով վերցրեցի շարֆս, շնորհակալություն հայտնեցի ու ամեն մեկս շարունակեց իր ճանապարհը: Բայց այն տպավորությունն էր, թե այնտեղ` հեռվում, թողել եմ իմ սրտի մի մասնիկը:
Ամբողջ օրը ես մտածում էի այդ դեպքի մասին, ճիշտ կլինի ասել մտքիցս չէր հեռանում այդ դեմքը, այդ ժպտացող աչքերը, այն ամենը ինչ կապված էր Նրա հետ:
Առավոտյան բավականին ուշ արթնացա, նույնիսկ այնքան ուշ, որ չհասցրեցի առաջին դասաժամին ներկա լինել: Բայց դեռ շարունակում էի նրա մասի մտածել, մտածում էի էլի կհանդիպեմ Նրան: Այնքան էի ուզում նորից տեսնել, թեկուզ մի ակնթարթ:
Մի՞թե մենք ենք մեր ճակատագիր գրողները, չգիտեմ…
Որպեսզի մոռանայի այդ դեպքի մասին, գոնե մի քանի ժամով, ընկերուհիներիս հրավիրեցի իմ տուն:
Այդ օրվանից ի վեր, երբ զինվոր էի տեսնում անկախ ինձանից ուշադրություն էի դարձնում: Նույնիսկ հաճախ էի գնում այն փողոցը, որտեղ հանդիպեցինք, սրտումս մի փոքրիկ հույս փայփայելով, որ կտեսնեմ Նրան, բայց ավաղ, բոլոր ջանքերս զուր էին…
Համալսարանից տուն վերադառնալիս այնպես ստացվեց, որ ես մենակ էի: Սպասում էի երթուղային տաքսու ու հանկարծ կողքիս կանգնեց մի զնիվոր, ես միանգամից հայացքս ուղղեցի նրա կողմը և …և տեսա Նրան, ում երկար ժամանակ փնտրում էի: Նա նույնն էր մնացել: Նրա ժպտուն աչքերը, հայացքը ինձ ստիպում էին նորից ապրել երջանկության ակնթարթներ: Երբ Նա իմ կողմ թեքվեց, ես մտածում էի թե հիմա կընկնեմ, բայց չընկա: Այնքան երկար էի սպասել այդ պահին:
Նա մոտենալով սիրալիր բարևեց, խնդրեց ուղեկցել: Իմ համաձայնությունը կայացավ նրանում, որ ես սկսեցի Նրա հետ քայլել: Մենք քայլում էինք, զրուցում, ինձ թվում էր, թե աշխարհը ամբողջությամբ ինձ է պատկանում: Մենք քայլում ու զրուցում էինք և չնկատեցինք թե ինչքան շուտ անցավ ժամանակը:
Այդ մի քանի ժամվա ընթացքում շփվելիս, կարծես իրար մի ամբողջ կյանք ճանաչել էինք: Ես հասկանում էի, որ այլևս չեմ կարող առանց Նրա, ուզում էի, որ Նա միշտ իմ կողքին լինի, մեր կյանքի ճամփան անցնենք իրար ձեռք ձեռքի բռնած:
Սերը բոլորիս խենթ է դարձնում և բոլոր խենթերը մի օր կառավարելու են աշխարհը: Ով չի սիրում, լիարժեք մարդ չի կարող լինել…
Ես չէի հավատում ու չէի էլ մտածում, որ կարող է սիրահարվեմ այսպես, բայց բոլոր սիրահարների կյանքը սկսվում է մի խաչմերուկում` երթուղային նստելիս և ավարտվում մի քանի կանգառ այն կողմ` իջնելիս: Ես ուզում էի, որ այդպես չլինի, որ չավարտվի, այլ միշտ լինի ճանապարհ` առանց կանգառների:
Մենք բաժանվեցինք, բայց ոչ հավերժ, այլ մի քանի օրով:
Անցնում էին օրերը, մենք երջանիկ էինք, որ գտել ենք իրար, որ ապրում էինք իրարով: Ինձ համար երջանկությունը այդ էր, որ մարդիկ ապրում են թեկուզ իրարից հեռու, բայց իրար համար, թեև երկու սիրող սիրտ բաբախում էին իրարից հեռու, բայց իրար համար ու մի բանի համար` սիրո:
Եվ այդ չարաբաստիկ օրը` մարտի 1-ը:
Մեկ օր առաջ երեկոյան Նա զանգահարեց ինձ, մենք երկար ժամանակ խոսում էինք, նույնիսկ ապագայի պլաններ էինք կազմում: Այնքան երջանիկ էինք:
Թվում է, երբ սիրում ես, ոչ մի խոչնդոտ քեզ չի կարող խանգարել հասնելու այն կետին, որին միշտ ձգտում եք հասնել երկուսով, թվում է, թե ամեն խոչընդոտ նման է մի փոքրիկ քարակույտի, որը հայտնվել է ձեր ճանապարհին և որպեսզի չդիպչեք ու չսայթակեք, պետք է պարզապես շրջանցել, բայց այս դեպքում շրջանցելու տեղ չկար…
Երբ հրաժեշտ տվեցինք, Նա ասեց, որ շատ է սիրում ինձ: Ու թեև քաղաքում տիրող խառը իրավիճակին, ես պնդեցի, որ հանդիպենք: Բայց Նա դեմ էր, մի կերպ կարողացա համոզել:
Նա իրձ չէր ասել, որ իրենց զորամասը հրաման է ստացել, որ առավոտյան քաղաք է դուրս գալու` տիրող անկարգությունը վերացնելու համար:
Արթնանալով կարծես ինչ-որ մի բան ինձ անհանգստացնում էր, թեև մարտի 1-ն էր` գարնան առաջին օրը, բայց այն այնքան էլ գարնանային չէր, ավելի շատ խիստ ձմեռային էր, մռայլ…
Եթե կարողանայի… Եթե կարողանայի օրացույցից իսպառ կջնջեի մարտի 1-ը, որ չլիներ այն, ինչ եղավ…
Թեև սիրտս փոքր ինչ անհանգիստ էր, բայց մյուս կողմից ուրախ էի, որ հանդիպելու եմ Նրան: Պայմանավորվեցինք հանդիպել այնտեղ, որտեղ առաջին անգամ հանդիպել էինք: Ես հապշտապ տանից դուրս եկա և ճանապարհին մտնելով խանութ` գնեցի Նրա սիրելի շոկոլադից և շտապեցի րոպե առաջ Նրան տեսնելու: Երբ տեղ հասա, Նա դեռ չէր եկել, թեև նման բան առաջին անգամ էր պատահում, Նա միշտ ճշտապահ էր, բայց մտածեցի, որ ծառայություն է, ամեն ինչ էլ կարող է պատահել ու հանկարծ երկու տաքուկ ձեռքեր փակեցին իմ աչքերը:
Ես երջանիկ էի, որ կարող եմ լինել երջանիկ ու երջանկացնել մեկ այլ մարդու` Նրան:
Նա ինձ նվիրեց ձնծաղիկների մի փոքրիկ փունջ, ես ամուր գրկեցի Նրան, ուզում էի, որ այդ պահը երկար տևի, ուզում էի, որ էլ երբեք ետ չգնա ու ինձ մենակ չթողնի, ուզում էի, որ իրար ձեռք ձեռքի բռնած տուն գնանք, բայց… Բայց բաժանվեցինք…
Ես Նրան տվեցի իր սիրելի շոկոլադները, Նա վերցնելով շնորհակալություն հայտնեց և գրկելով համբուրեց: Խոստացավ, որ հաջորդ անգամ ավելի երկար ժամանակով կհանդիպենք ու վերջին անգամ ասեց, որ ՍԻՐՈւՄ Է ինձ ու ՄԻՇՏ ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍԵԼՈւ է ՄԵՐ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ, ասեց, որ ԶԳՈւՅՇ ԼԻՆԵՄ: Եվ հեռանալով անընդհատ շրջվում էր ետ ու նայում իր բարի և ժպտուն աչքերով, քայլերը էլ ավելի էին հեռացնում նրան ինձանից: Մի կերպ էի կարողանում զսպել արցունքներս, մի կերպ էի ինձ պահում, որ չվազեմ Նրա ետևից ու ամուր-ամուր գրկեմ…
Տուն հասա, բայց չգիտեմ թե ինչպես: Թողել էի այնտեղ իմ սիրտը, Նրան, այն ամենը ինչ կապված էր Նրա հետ, ուզում էի հետ գնալ ու միշտ սպասել Նրան այնտեղ, թեկուզ գիտակցելով, որ Նա կարող է ուշ գալ, բայց…
Չէր անցել մի երկու ժամ, երբ լսեցի այդ չարաբաստիկ լուրը` ՆԱ չկա…
Նա ցույցի ժամանակ զոհվել էր:
Ես դուրս վազեցի տանից, ինչպես վայրի գազանը վանդակից, բայց արդեն ուշ էր, Նա չկա…
Ասում են երբեք էլ ուշ չէ, բայց ուշ էր, ուշ…
Ինչպե՞ս է պատահում, որ քեզ լքում են, բայց Նա ինձ չի՛ լքել, Նրան հեռացրել են ինձանից: Ինչու՞, երբ ուզում ես ապրել, ամեն բան խանգարում է քեզ, ուզում ես լինել երջանիկ, բայց քեզ համար բաբախող սիրտը նետահարում են ու նա դադարում է բաբախել: Ուզում ես լինել Նրա հետ, բայց ճանապարհիդ հանդիպած քարակույտերը քեզ շրջանցելու տեղ չեն տալիս: Ուզում էի, որ կողքիս լինի, միասին ձեռք ձեռքի բռնած քայլենք առանց կանգառների ճանապարհով, բայց…
Ես մարտի մեկը այդ օրվանից սպիտակ ներկով ջնջում եմ օրացույցից, հուսալով, որ մի օր մարտի մեկ չի լինի…
Երջանկությունը ակնթարթ է, բայց ես ուզում էի հարատև դարձնել, բայց ես մենակ եմ, ես չեմ կարող, այն վեր է իմ ուժերից:
Երջանկությունը բոլորին է տրված, միայն այն պետք է ճիշտ վայելել ու դարձնել քոնը և ոչ թե ուրիշի արցունքների ու նետահարված սրտերից թափվող արյունով ստեղծել քեզ համար երջանկություն:
Երբեք ձեռք մի’  տուր, այն ինչը քեզ չի պատկանում, երբեք մի’  ձգտիր այն ամենի, ինչի չես հասնելու, որովհետև այդ ժամ իմացիր, որ կոտրելու ես հազարավոր մարդկանց կամքի ուժ և դադարեցնելու ես այդ մարդկանց բաբախող սրտերը…
Միշտ սիրելու եմ քեզ
Միշտ անհամբեր կսպասեմ մեր հաջորդ հանդիպմանը
Զգույշ եղիր…