Поиск по этому блогу

пятница, 12 августа 2011 г.

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ


 Այսօր առավոտյան վաղ արթնացա, այնքան վաղ, որ դեռ արևի շողերը չէին էլ հասցրել սենյակիս պատուհանից ներս թափանցել: Չեմ էլ հիշում թե ինչ երազ եմ տեսել, երևի կարևոր երազ չէ…
Երբ արթնացա, աչքերս բացելուն պես քո պատկերը հայտնվեց, քո ծիծաղից պայծառացող դեմքը, քո փայլող աաչքերը, բայց իսկույն  մի ակնթարթում չքացան: Չգիտեմ սրտումս մի տեսակ <<աշուն>> է: Գուցե ես եմ ստիպում սրտիս,  չէ', չէ'…
Այդ պահին ինձ ուրախացրեց իմ փոքրիկ սպիտակ, խուճուճ մազերով փոքրիկ շնիկը, որը ինձանից շուտ էր արթնացել ու շտապել ինձ մոտ: Այնքան եմ սիրում  նրան, որ ինձ չեմ կարող պատկերացնել առանց նրա: Եթե կարողանար ինձ  ամեն առավոտ  մի հիանալի, մեղմ  ու սիրով լի երգով կարթնացներ, բայց ոչինչ, նա ինձ փոխարենը ամեն առավոտ արթնացնում է համբուրելով: 
Նա հրաշք է, իմ հրաշքը…
Երբ անկողնուց վեր կացա ու նայեցի պատուհանից դուրս, տեսա որ անձրևում է, մռայլ եղանակ…
Էլ ավելի մոտեցա պատուհանին, մի երկու վայրկյան կանգնած մնացի  ու հետո նստեցի պատուհանագոգին:
Երբ անձրև է գալիս, ես միշտ նստում  եմ այնտեղ, ուշադիր հետևում, թե  ինչպես են անձրևի կաթիլները ապակու վրա <<պար գալիս>>,  թե ինչպես են  ուզում տուն մտնել, բայց…
Այնքան  հետաքրքիր է այդ  ամենը: Մեկ կաթիլը խոշոր է, մեկ բաժանվում է երկու մասի, մեկ էլ` սղալով անհետանում, կարծես բնության կողմից ստեղծված ամեն ինչ, նույնիսկ անձրևի կաթիլը, մահանում է…
Ամառ է, սակայն իմ ներսում <<աշուն>> է, տերևաթափ: Ես մրսում եմ…
Շուտով աշուն կլինի, կսկսվի բերքահավաք, մարդիկ կուրախանան, թեև մի փոքր էլ կտխրեն, որովհետև  ամառը վերջանալու է և սկսվելու է ցուրտ ձմեռ ու ես էլ չեմ լինի, էլ չեմ լինի…                            
Տեսնելով իմ տխուր մտքերը արտացոլված դեմքիս, իսկույն ինձ մոտ էր վազել իմ փոքրիկ շնիկը` Վիկին: Ես այնքան էի տարվել, որ մի կերպ ուշքի եկա իր հաչոցից…                                                    
Արդեն ժամը երեքն էր, բայց անձրևը շարունակում էր դանդաղ թափվել, կարծես շտապելու  ոչ մի տեղ չուներ:
Վիկիիս հետ նստած թեյում էինք,  հա', հա',  նա շատ է սիրում, երբ միասին թեյում ենք, թեև նա թեյ չի խմում, բայց հաճույքով խժռում է բլիթներ ու տորթիկ ու ես միշտ կատակով ասում եմ իրեն, թե` հերիքա քաղցր ուտես, թե չէ կգիրանաս, պատկերացրեք որ նա հասկանում է դա ու մի երկու վայրկյան ձևացնում է, թե նեղացել է ինձանից, բայց  հետո… բայց հետո նորից շարունակում է խրթխրթացնել բլիթները:
Ու հնչեց դռան զանգը,  ո՞վ  պետք է լինի:
Դուռը բացեցի ու տեսա դռան մոտ կանգնած, մի լավ թրջված փոստատարին, ներս հրավիրեցի,  սակայն հրաժարվեց, ասեց, որ ծրար ունեմ: Մի փոքր տագնապեցի, ի՞նչ  ծրար,  ու՞մից…
Վերցրեցի ծրարը ու…
Հիվանդանոցից… Բայց երբվանի՞ց են հիվանդանոցի  ծրարը տուն հասցնում փոստի միջոցով: Ու հիշեցի, որ մի քանի օր առաջ հիվանդանեցում էի ու ինձ ստուգող բժիշկն է ուղարկել… Սակայն սիրտս մի տեսակ տագնապի մեջ էր: Եվ դա տեղին էր…
Բացեցի ծրարը… ու…
Ես հիվանդ եմ…
Ինձ մնացել է 2 ամիս ժամանակ…
Ես էլ չեմ լինելու…
Իսկ իմ Վիկի՞ն…
Ինձ համար այս ամենը նորություն չէր, սա արդեն չորրորդ հետազոտության արդյունքն էր ու բոլորն էլ նույն բովանդակությամբ: Պարզապես անցած արդյունքները  բժիշկը ինքն էր հայտնել, իսկ այս մեկը  ուղարկել` իմ խնդրանքով: Ես խնդրել էի` նույն արդյունքը լինելու դեպքում  ինձ ուղարկեն:
2 ամիս ու ոչ մի օր ավել…
2 ամիս ու ես կլինեմ հեռու, գուցե զգաս կարիքս, բայց արդեն ուշ լինի, գուցե փորձես մի հրաշքի սպասել, բայց էլ հրաշք չի լինի, քանի որ ես էլ չեմ լինի, գուցե երբեք էլ չհիշես իմ մասին, ինչպես չեն հիշում անձրևի կաթիլներին:
Ես խնդրանք ունեմ` լավ նայեք Վիկիիս, մենակ չթողնեք, սիրեք նրան, ինչպես որ ես եմ սիրում, նրան իմ մասին չպատմեք, որովհետև նա ձեզանից լավ գիտի իմ մասին, նրան քաղցրավենիք կտաք, նա շատ է սիրում, մնացածի մասին ես կհոգամ այնտեղից:
Մի բանի համար եմ ափսոսում, ափսոսում եմ նրա համար, որ հանդիպել եմ քեզ, ուրիշ ոչինչ:                
Ու վերջին խնդրանք` թող իմ գերեզմանին միշտ սպիտակ վարդեր ու սպիտակ լիլիաներ լինեն: 
Մնաք բարով ու սիրով: Ես չեմ սիրում հրաժեշտի պահեր, միշտ լաց եմ լինում, դրա համար էլ անձամբ ոչ մեկի հրաժեշտ չեմ տա:

Մնաս բարով իմ փոքրիկ Վիկի, ես քեզ շա՜տ-շա՜տ եմ սիրում, իմ  քաղցրակեր փոքրիկ…








Комментариев нет:

Отправить комментарий