Поиск по этому блогу

среда, 26 октября 2011 г.

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԻԿ ԱԼԲՈՄ


Բարի լույս…
Այսօր հրաշալի օր է…
Արևը փորձում է իր վերջին  ուժերը ներդնելով  դուրս գալ հորիզոն…
Ահա և արևը, նա ժպտում է, ողջունում է բոլորիս…
Իսկական ամառային հրաշալի օր…
Պետք է շտապել, պետք է հասցնեմ  ծաղիկներ գնել ու…
Գիտե՞ք, այսօր  աշխարհի ամենալավ օրն է, այս օրը տարվա մեջ մեկ անգամ է նշվում, բայց այն ամեն օր է, այս օրը  ես  շա՜տ-շա՜տ երջանիկ եմ լինում:
Այսօր աշխարհի ամենաբարի , ամենագեղեցիկ, ամենասիրելի, ամենաթանկագին, ամենալավ, ամենահրեշտակային, ամենասիրառատ, ամենահոգատար, ամենա-ամենա աստվածային մարդու` իմ մայրիկի ծննդյան օրն է:
Մայր իմ բարի ու թանկագին, ես քեզ  շա՜տ-շա՜տ-շա՜տ եմ սիրում…
Երբ տխուր եմ լինում , իսկույն քո գիրկն եմ վազում, դու քո ջերմությամբ հանգստացնում ես ինձ, շոյում ես գլուխս, համբուրում ու ամուր-ամուր գրկում:
            Մամ աշխարհում քեզ ամենաշատն եմ սիրում…
Ամեն հարցում դու և  հայրիկն եք ինձ աջակցում, կյանքի ճիշտ ճանապարհը հարթում ինձ համար: Սրբում ես արցունքներս, որ կաթիլ-կաթիլ գլորվում են այտերիս վրա…
            Երբ ուրախ եմ լինում, էլի քո գիրկն եմ վազում, պատմում ուրախությանս պատճառը, դու էլ ինձ հետ ես ուրախանում ու նորից ջերմ խոսքեր ես ասում, գրկում եմ քեզ, ամուր-ամուր փաթաթվում: Դու սեղմում ես ինձ քո կրծքին ու էլ ավելի ես ոգևորում  ու ես զգում եմ քեզանից ճառագող մայրական սերն ու ջերմությունը…
Հետո հայրիկն է ներս մտնում`ժպտալով,  ինձ ու մայրիկիս գրկում ու համբուրում…
            ԵՍ ԿԱՏԱՐՅԱԼ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ…
Ես ինձ ամենաերջանիկ մարդն եմ համարում աշխարհում, ես ունեմ  ԸՆՏԱՆԻՔ, իմ ՄԱՅՐԻԿՆ ու ՀԱՅՐԻԿԸ: Ես ձեզ  շա՜տ-շա՜տ-շա՜տ եմ սիրում…
Երջանիկ լինելու համար շատ քիչ բան է մարդուն հարկավոր:
Ես  երջանիկ եմ, ես իմ հայրիկի ու մայրիկի կողքին եմ, նրանք ինձ մոտ են, իմ սրտում, ես միշտ, ամեն վայրկյան  զգում եմ իրենց սերն ու ջերմությունը, նրանցից հորդող ջերմությունը ես ամենուր եմ զգում…
            Պապ, մամ, ես ձեզ աշխարհում ամենաշատն եմ սիրում, իմ թանկագին ծնողներ, ես հպարտ եմ ձեզանով…
            Ին՜չ  հիասքանչ օր է…
Արևն էլ նույնպես գիտի, թե ինչ օր է այսօր, դրա համար էլ միշտ ժպիտը ուղղում է մեր ընտանիք…
            Ահա՛, գնեցի մայրիկիս սիրելի ծաղիկները` սպիտակ շուշաններ…
Եթե նրանք մարդկային լեզու ունենային անպայման կերգեին մայրիկիս համար…
            Այսօր աշխարհն է ժպտում, այսօր ծաղիկները, տերևները, թռչուններն ևս միացել են ինձ`ժպտում են ու երգում, ժպիտ, ժպիտ ու նորից ժպիտ…
Մայրիկս սիրում է, երբ իրեն առավոտյան են շնորհավորում, դրա համար էլ ես երեկոյան ոչ մի անակնկալ չէի պատրաստել…
            Ես պետք է շտապեմ առաջինը շնորհավորել մայրիկիս` աշխարհի ամենալավ ու բարի, ամենաաստվածային մայրիկիս, իր ծննդյան հիանալի օրվա արդիվ, պետք է հայրիկիցս շուտ շնորհավորեմ:
            Մեր տանը այնքան ժպիտ ու ջերմություն կա, ամեն բան ու ամեն ինչ ժպտում են… Սիրում եմ…
Սիրտս թրթռում է թիթեռնիկի պես…
Հա՛, մոռացա ասել, թե ինչ նվեր-անակնկալ եմ պատրաստել մայրիկիս համար, ես ու հայրիկը միասին ևս անակնկալ ունենք մամայի համար, բայց առանձին ես մի փոքր նվեր էլ եմ պատրաստել… ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԻԿ ԱԼԲՈՄ…
Այստեղ  մեր երեքի`  հայրիկիս, մայրիկիս ու իմ միասին անցկացրած երջանիկ  ու անհոգ ժպտացող լուսանկարներն եմ զետեղել  ու տեղավորել եմ գեղեցիկ և վարդագույն արկղիկի մեջ, ու որ ամենակարևորը, երբ մայրիկս բաց անի անակնկալով լի արկղիկը, նրա միջից դուրս կթռչեն գույնզգույն թիթեռնիկներ ու ես ամուր-ամուր կգրկեմ մայրիկիս ու հետո էլ հայրիկիս և կասեմ. <<Մամ ջա՛ն, ծննդյանդ գեղեցիկ օրը շնորհավոր, ես քեզ շա՜տ-շա՜տ-շա՜տ եմ սիրում>> ու մենք` երեքով կգրկախառնվենք, մի լավ կծիծաղենք ու կթերթենք ընտանեկան երջանիկ լուսանկարներով լի  ալբոմը…
            Սիրտս թրթռում է թիթեռնիկի պես… Պապ, մամ ձեզ շատ եմ եմ սիրում ու ամեն վայրկյան կարոտում…
            Ահա՛, ծնողներիս ննջասենյակի դռան առջև կանգնած եմ ու ձեռքիս էլ անակնկալով լի նվերը: Մայրիկս, գիտեմ, շատ կուրախանա…
Ձեռքս ահա և տանում եմ դեպի դռան բռնակը…
Սպասի՛ր, խորը շունչ քաշեմ, նոր դուռը բաց անեմ, սա պատասխանատու գործ է, պետք է մայրիկս ուրախ լինի անակնկալով…
…………………………………………………………………
…………………………………………………………………
Խորը շունչ քաշեցի, պատրաստ եմ…
Ահա և դուռը կիսաբաց եմ անում  շա՜տ-շա՜տզգույշ, որպեսզի չարթնացնեմ ծնողներիս,  անակնկալը որ ստացված լինի…
Արդեն գիտեմ ինչ պետք է անեմ…
Ու…
… Զնգաց իմ զարթուցիչը…
Ես արթնացա….
…………………………………………………………………
…………………………………………………………………
-Աստվա՛ծ իմ, արդեն ժամը 8:00 է…
Պետք է շտապել, որպեսզի չուշանալ աշխատանքից: Այսօր շատ ծանր օր է սպասվում, մի քանի հանդիպումներ ու պայմանագրերի ստորագրում…
Հա՛, չմոռանամ վերցնել անձրևանոցս, դրսում ՄՌԱՅԼ,ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏԽՈՒՐ Ու ԱՆՁՐԵՎՈՏ եղանակ է….

Комментариев нет:

Отправить комментарий